ԾՐԱԳՐԵՐ

Օգնում ենք վիրավոր զինվորին ստանալ կրթություն և գտնել աշխատանք

Մեզ համար կարևորագույն խնդիրներից է զինհաշմանդամների՝ որպես մասնագետ կայացման և աշխատանքի տեղավորման գործընթացը: Հաճախ վիրավորումից հետո զինվորները կորցնում են վերին, ստորին վերջույթները, դառնում են հաշմանդամ: Հաշմանդամությունը, այն էլ այդքան երիտասարդ տարիքում, ոչնչացնում է մարդու կյանքի հեռանկարը: Երիտասարդ տարիքում ամպուտացիաները հանգեցնում են բազմաթիվ ֆիզիկական խնդիրների: Բոլորիս է հայտնի, որ մեր երկրում ո՛չ ճանապարհները, ո՛չ շենք շինությունները, ո՛չ որևէ այլ ենթակառուցվածք հարմարեցված չեն, ասենք, անվասայլակով մարդու տեղաշարժմանը: Այդպիսով, հաշմանդամության հետ կապված կյանքի որակի էական անկմանը զուգահեռ սրվում են նաև զինվորի սոցիալ-հոգեբանական  խնդիրները: Այդ վիճակում շատ դժվար է լինում մտածել կրթության, մասնագիտությանն ձեռքբերման մասին:

Աջակցություն վիրավոր զինվորներին ՀԿ կազմակերպում և իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս վիրավոր զինվորին ձեռք բերել ժամանակակից մասնագիտություն, ստանալ կրթություն՝ իրեն հարմար պայմաններում, լինել մրցունակ աշխատաշուկայում: Կրթական ծրագրեր իրականացնելիս հաշվի են առնվում աշխատաշուկայում պահանջարկը, մասնագիտության արդիականությունը, վիրավոր զինվորի անձնական որակներն ու նախասիրությունները:

 

                                                                                                           

«Աջակցություն վիրավոր զինվորներին» բարեգործական ՀԿ-ն կազմակերպում է կրթական ծրագրեր ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ապրող վիրավոր զինվորների համար։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում վիրավոր զինվորների համար կազմակերպվում են օտար լեզուների, հաշվապահության, Վեբ ծրագրավորման, 3D մոդելավորման, դիզայնի դասընթացներ: Դասավանդվում են համակարգչային անհրաժեշտ ծրագրեր՝ MS Word, MS Excel, Adobe Photoshop, CorelDRAW և այլն:

Կրթական ծրագրեր իրականցնելուց բացի մենք զբաղվում ենք նաև վիրավոր զինվորներին աշխատանքի տեղավորման հարցերով: Այս ծրագրի շրջանակում գործակցում ենք բազմաթիվ գործատուների հետ: Արդեն իսկ ունենք բազմաթիվ հաջողության պատմություններ, երբ վիրավոր զինվորները, մասնակցելով մեր կրթական ծրագրին, ստացել են պահանջարկ ունեցող մասնագիտություն, այնուհետ աշխատանքի անցել Հայաստանի առաջատար մասնավոր ընկերություններում և պետական համակարգում:

Կրթական ծրագրի նպատակը վիրավոր զինվորների սոցիալիզացիայի, հասարակության մեջ վերաինտեգրացիայի խնդրի լուծումն է:

Դու նույնպես կարող ես լինել վիրավոր զինվորի կողքին։

ԱՋԱԿՑԵԼ ՀԻՄԱ