Վերականգնողական կենտրոն

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ, ԵՊԲՀ և ՊՆ գործակցությամբ: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հագեցած է վերականգնողական բուժման համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով, որոնց համարժեքը չկա ամբողջ տարածաշրջանում։ Դրանք աշխատում են վերականգնողական բուժման ոլորտի նորագույն մեթոդներով, հետազոտական գերժամանակակից տեխնոլոգիաներով։ Մասնավորապես, կենսաբանական հետադարձ կապի (БОС) մեթոդով աշխատող սարքավորումների թեստավորման համակարգը հնարավորություն է տալիս բուժման արդյունքները դարձնել հստակ չափելի և համեմատելի: Յուրաքանչյուր հիվանդի համար հնարավոր է նախնական թեստերի արդյունքում մոդելավորել վերականգնողական անհատական ծրագիր: Վերոնշյալ մեթոդներն ու տեխնոլոգիաներն ավելի արդյունավետ են դարձնում վերականգնողական համալիր գործընթացը ու զգալիորեն կրճատում են բուժման ժամկետները:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական Կենտրոնում տրամադրվում են անհրաժեշտ բոլոր բժշկական ծառայությունները, ունենք համապատասխան վերապատրաստված մասնագետների միջդիսցիպլինար թիմ, որում ընդգրկված են բժիշկ ռեաբիլիտոլոգ, ասեղնաբույժ, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, հոգեբան, լոգոպեդ և այլ որակավորված մասնագետներ։ Որակավորում ստացած բուժքույրերն իրականացնում են հիվանդների 24 ժամյա հատուկ խնամք։ Ընդհանուր հաշվարկով, մատուցվող բժշկական ծառայությունների թիվը հասնում է երեք տասնյակի։

Կենտրոնը գտնվում է ԵՊԲՀ-ին պատկանող Առաջին կլինիկական հիվանդանոցում, ինչը հնարավորություն է տալիս օգտվել Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական ամբողջ անձնակազմի մասնագիտական ծառայություններից։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնին հասանելի են համալսարանական հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքը, լաբորատորիան, հետազոտական սարքավորումները։ Դրա շնորհիվ մենք կարողանում ենք բացի բուն վերականգնողական բուժումից իրականացնել նաև հարակից, ուղեկցվող հիվանդությունների բուժում։

Կենտրոնում իրականացվում է բուժում ստորև թվարկված դեպքերում.

  • գլխուղեղային վնասվածքներ
  • ողնուղեղային վնասվածքներ
  • Մանկական Ուղեղային Կաթված
  • նյարդաբանական խնդիրներ (մենինգիտ, էնցեֆալիտ, ռադիկուլիտ, նևրիտ, պլեքսիտ, պոլիոնեյրոպաթիա, դիաբետիկ պոլիոնեյրոպաթիա)
  • ողնաշարի խնդիրներ (սկոլիոզ, կիֆոզ, ճողվածք, օստեոխոնդրոզ)
  • Բեխտերևի հիվանդություն
  • Ինսուլտից հետո
  • Հոդային խնդիրներ
  • Օնկոլոգիական բուժումից հետո
  • և այլն:

 

Կենտրոնում գործում են կինեզոթերապիայի, ֆիզիոթերապիայի, ջրաբուժության, ջրային կինեզոթերապիայի, ասեղնաբուժության, հալոթերապիայի, էրգոթերապիայի, պարաֆինաբուժության, լոգոպեդի, հոգեբանի, մերսման և այլ ծառայություններ: Բոլոր մասնագետներն ունեն բարձր որակավորում, հանդիսանում են ոլորտի առաջատար մասնագետները, անցել են մի շարք միջազգային վերապատրաստման կուրսեր Եվրոպական ամենատարբեր երկրներում:

Կենտրոնն ամբողջական վերականգնողական համալիր է, մեզ մոտ կարող են անցնել թե՛ առաջնային պասիվ վերականգնողական բուժում, թե՛ ակտիվ բուժում: Կենտրոնի հերթապահ պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ կարող ենք ընդունել նաև պառկելախոցերով, անգիտակից վիճակում գտնվող հիվանդների: Իրականացվում է համալիր վերականգնողական բուժում՝ սկսած հիվանդի խնամքից, իրականացնում ենք միզային, աղիքային, պառկելախոցային ծրագրեր:

Կենտրոնը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, մեզ մոտ առկա են վերականգնողական բուժման մեջ աշխարհահռչակ Technobody, WoodWay, AlterG, Aretech և այլ ընկերությունների արտադրության սարքեր: Սարքավորումները համալրված են հետազոտական գերժամանակակից տեխնոլոգիաներով, դրանց մի մասն աշխատում է կենսաբանական հետադարձ կապի (БОС) մեթոդով:

Կենտրոնում առկա է 2 լողավազան՝ քայլող հաշմանդամների և սայլակով տեղաշարժվողների համար: Երկրորդը համալրված է փոխադրման համար նախատեսված ամբարձիչով: Գործում է ջրային մերսման խցիկ՝ ամբողջ մարմնի համար: Կան նաև երկու առանձին՝ վերին և ստորին վերջույթների համար նախատեսված ջրային մերսման խցիկներ:

Կենտրոնի աշխատանքի ընթացքում կարողացել ենք արձանագրել լրջագույն հաջողություններ. ոտքի ենք կանգնեցրել զինվորների, որոնք անվասայլակին են եղել տասնյակ տարիներ: Վիրավորումից հետո զինվորների մի մասը զրոյից սովորել է խոսել՝ շնորհիվ լոգոպեդի պրոֆեսիոնալ աշխատանքի:

Մեր մանսագետները վերականգնողական արտագնա ծառայություն են մատուցում զինվորական հոսպիտալում՝ աշխատելով կոմայի մեջ գտնվող վիրավոր տղաների հետ: