Մեր Մասին

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ն  ստեղծվել է 2017 թվականին՝ նախքան այդ (2014 թվականից) գործելով որպես նախաձեռնություն:

«Աջակցություն վիրավոր զինվորներին և  զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներն են հայրենիքի պաշպանության համար վիրավորված կամ առողջական խնդիրներ ունեցող անձիք: Կազմակերպության նպատակներն են.

  1. աջակցել զինծառայության կամ հայրենիքի պաշպանության ժամանակ առողջական խնդիրներ ստացած անձանց բուժմանն և առողջության  վերականգնմանը:
  2. շահառուների համար սոցիալական, իրավական ու կրթական ծրագրերի իրականացում

և այլն։

Առողջապահություն

Վիրավոր զինվորների առողջական խնդիրները մեզ համար առաջնային են։

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ն զբաղվում է վիրավոր զինվորներին անհրաժեշտ դեղորայքի գնմամբ, անհրաժեշտության դեպքում ֆինանսավորում է վիրահատությունները, իրականացնում բժշկական հետազոտություններ։

Հասարակական կազմակերպությունը ԵՊԲՀ և ՊՆ հետ համատեղ 2018 թվականին ստեղծել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որը գործում է բարեգործական հիմունքներով՝ բացարձակ անվճար միայն վիրավոր զինվորների, զինհաշմանդամների և զինծառայության հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ քաղաքացիների համար: Ամբուլատոր պայմաններում անվճար բուժում կարող են ստանալ նաև զոհված ազատամարտիկների երեխաները:

Վերականգնողական բուժումը խիստ անհատական է, բոլոր հիվանդներն ունեն տարբեր ուղեկցվող հիվանդություններ: Հետազոտությունները, դեղորայքը, անհրաժեշտ բժշկական խորհրդատվությունը խիստ փոփոխական են: Յուրաքանչյուր հիվանդի համար մշակվում է վերականգնողական բուժման անհատական ծրագիր: Հատուկ վերապատրաստում են անցնում նաև ընտանիքի անդամները՝ կապված հիվանդի խնամքի հետ:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում գործում է «Մեկ Պատուհան» ծրագիրը, որով ապահովվում է զինհաշմանդամների, նրանց ընտանիքների և տարբեր գերատեսչությունների միջև կոմունիկացիան: Տրվում է իրավական խորհրդատվություն: «Մեկ Պատուհան» ծրագրի շրջանակում զինհաշմանդամների համար իրականացվում են սոցիալական, կրթական ծրագրեր, լուծվում են զինհաշմանդամների սոցիալական ինտեգրացիայի, աշխատանքի տեղավորման հարցերը։

Կրթություն

Օգնում ենք վիրավոր զինվորին ստանալ կրթություն և գտնել աշխատանք

Մեզ համար կարևորագույն խնդիրներից է զինհաշմանդամների՝ որպես մասնագետ կայացման և աշխատանքի տեղավորման գործընթացը: Այդպիսով լուծվում է նրանց սոցիալիզացիայի, հասարակության մեջ վերաինտեգրացիայի խնդիրը:

ՀԿ-ն կազմակերպում է կրթական մի շարք ծրագրեր Երևանում և մարզերում ապրող զինվորների համար։ Ընտրվում են ժամանակակից ու աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտացումներ և ուսումնական ծրագրեր։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում վիրավոր զինվորների համար կազմակերպվում են օտար լեզուների, հաշվապահության, Վեբ ծրագրավորման, 3D մոդելավորման, դիզայնի դասընթացներ: Դասավանդվում են համակարգչային անհրաժեշտ ծրագրեր՝ MS Word, MS Excel, Adobe Photoshop, CorelDRAW և այլն:

Մեր շահառու զինվորներից շատերն արդեն մասնակցելով վերը նշված կրթական ծրագրերին՝ աշխատանք են գտել առաջատար մասնավոր ընկերություններում և պետական համակարգում:

Գյուղատնտեսություն

Օգնում ենք վիրավոր զինվորին ստեղծել մշտական եկամտի աղբյուր

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության առանցքային նպատակներից է վիրավոր զինվորների ու զինհաշմանդամների սոցիալիզացիայի ու վերաինտեգրման խնդիրների լուծումը: Գյուղական համայնքներում բնակվող մեր շահառուներին օգնում ենք ստեղծել եկամտի մշտական աղբյուր: Վիրավոր զինվորների համար արդեն իսկ ստեղծել ենք հավաբուծության, ճագարաբուծության փոքրիկ ֆերմաներ, կառուցել ենք 10-ից ավելի գոմ, որպես նախնական ներդրում՝ նվիրել ենք տնային կենդանիներ:

Սոցիալշակութային

Մեզ վրա ենք վերցնում սոցիալական ծանր խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների կենցաղային հոգսը։

ՀԿ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում սոցիալապես ծանր վիճակում գտնվող զինհաշմանդամներին և նրանց ընտանիքներին, տրամադրում է  սնունդ, հագուստ և այլ անհրաժեշտ  միջոցներ։

Զինհաշմանդամների մոտ 60%-ը հեռավոր գյուղերի բնակիչներ են, սոցիալապես ծանր պայմաններում ապրող, որտեղ կենցաղային նվազագույն պայմանների կատարյալ բացակայություն է, գյուղական փայտաշեն զուգարաններից հաշմանդամություն ունեցող անձիք չեն կարող օգտվել, ուստի դոնորների աջակցությամբ մենք իրականացնում ենք զինհաշմանդամների անհատական կարիքների բավարարմանն ուղղված ծրագրեր՝ շինարարական աշխատանքներ, զինհաշմանդամի կենսագործման միջավայրի համապատասխանեցում հատուկ կարիքներին, կենցաղային պայմանների բարելավում և այլն: Արդեն իսկ կառուցել ենք մի քանի տասնյակ սանհանգույց մեր շահառուների տներում, որոնք համապատասխանեցվել են հաշմանդամություն ունեցող անձի պահանջմունքներին:

Մենք զբաղվում ենք նաև մեր շահառու զինվորների մշակութային կյանքի կազմակերպմամբ. այցելություններ ամենատարբեր մշակութային միջոցառումների, ժամանցի կազմակերպում և այլն: